Փետրվարի 21-ին «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման» և «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրերի աջակցությամբ, հյուրընկալեց ամենամյա կենսաթոշակային երրորդ համաժողովը, որը կրում էր «Նոր կենսաթոշակային համակարգ. հնարավորություններ, մարտահրավերներ և ակնկալիքներ» խորագիրը:
Համաժողովին մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը, և կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի անդամները: Համաժողովի մասնակիցների թվում էին նաև տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ Ազգային Ժողովի և կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, մի շարք առևտրային բանկերի և ֆինանսական հաստատությունների, ներառյալ ապահովագրական, վարկային և ներդրումային ընկերությունների ղեկավարներ, ակտուարներ, գործարար համույթի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև ոլորտին առնչվող հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Երրորդ համաժողովն ամփոփեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մեկնարկին նախորդած 10 տարվա նախապատրաստական աշխատանքները: Միջոցառման ժամանակ առանձնակի շեշտադրում կատարվեց կենսաթոշակային նոր օրենքի ընդունումից հետո անցած երեք տարիների արդյունքներին ու ի հայտ եկած մարտահրավերներին:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ողջույնի խոսքում ներկայացրեց նոր համակարգի ներդրման հիմնավորումները, դրա անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը՝ ելնելով վերջին տասնամյակների հասարակական ու տնտեսական զարգացումներից, և դրանց ցավոտ դրսևորումները այն սերնդի համար, որը ստիպված է իր վրա կրել առաջին ծանրությունը՝ փոխելով վարքագիծ, մտածողություն:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆեռնը խոսեց կուտակային կենսաթոշակային համակարգերի ներդրման մարտահրավերների ու հեռանկարների մասին և նշեց, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերելու այդ ուղղությամբ կատարվող ջանքներին: Նա կարևորեց հանրային իրազեկման նախաձեռնությունների և Հայաստանի կառավարության կողմից Հայաստանի քաղաքացիներին բարեփոխման մանրամասները հանգամանորեն ներկայացնելու անհրաժեշտությունը:
Համաժողովի ընթացքում ելույթներ ունեցան ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները, ներկայացնելով նոր համակարգի գործարկման մեխանիզմները, ապահովման երաշխիքները, օրենսդրական սահմանափակումներն ու պետական վերահսկողության լծակները:
Սեփական քաղաքականությունը բացահայտող շնորհանդեսներով հանդես եկան նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված՝ «Ամունդի» և «Ց կվադրատ» ակտիվների կառավարիչների ներկայացուցիչները: